ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Այս պահին մենք կարծում ենք, որ շուրջ երկու տասնյակ գերի կա։ Տեսանյութերն ուսումնասիրվում են, և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում պետական կառույցների կողմից, ինչպես նաև փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Կարմիր խաչը ևս տեղեկություն է հավաքագրում հարազատների դիմումների հիման վրա»,– նշել է Սահակյանը։
Նա ընդգծել է, որ բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին։
Սիրանուշ Սահակյանը շեշտել է, որ աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը` Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։ Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր ուղարկվել են։ Իրենք ևս տեղեկություններ են ստանում հարազատներից ու նույնականացում են իրականացնում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։