Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանցիների հրետակոծությունից վնասվել է Նորավանի գազատարը

Լարո Առաքելյան
Սյունիքի մարզի Նորավան գյուղում երեկ երեկոյից հանգիստ է, բնակիչները փորձում են լուծել հրետակոծությունից առաջացած խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Նորավան գյուղի գազատարը ադրբեջանական հարվածների հետևանքով վնասվել է։ Այս մասին լրագրողներին հայտնեց գյուղի բնակիչ Լարո Առաքելյանը։
Սահմանամերձ բնակավայրը գտնվել էր հրետանային գնդակոծության էպիկենտրոնում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեղում ծանոթացել է հարվածների հետևանքներին։
Մեր այցելության պահին գյուղացիները վերանորոգում էին գազատարն առանձնացնող ցանկապատը։

«Երեկ երեկոյից հրետակոծություն չի եղել։ Մինչ այս գյուղը ենթարկվել է ուժգին հարվածների, հրդեհ է եղել։ Վնասվել է նաև գազատարը, որով գազ է մատակարարվում հիվանդանոցին»,- ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով, գյուղում խուճապ չկա, բնակիչները սառնասրտություն են պահպանել անգամ կրակոցների ժամանակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ:
Գյուղացիները վերանորոգում են գազատարն առանձնացնող ցանկապատը։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 14-ի երեկոյից սկսած հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գնդակոծության զոհ է դարձել Նորավանքի 30-ամյա բնակիչը։ Նա ուներ 4 երեխա։ Գյուղի ևս 2 բնակիչ վիրավորվել է։