Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. նրանք պահանջում են անվստահություն հայտնել Փաշինյանին

Ցուցարարները մտադիր են շրջափակել Ազգային ժողովի շենքը։ ԱԺ–ի մոտ մեծ քանակութթյամբ ոստիկանական ուժեր են կուտակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Բաղրամյան փողոցի կողմից ԱԺ շենքի դարպասների մոտ ոստիկանական ուժերն այդքան էլ շատ չեն, փոխարենը բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ ծառայողական մուտքի մոտ։
Ակցիայի մասնակիցները նույնպես գնում են դեպի Դեմիճյան փողոց, որպեսզի ծառայողական մուտքի մոտ հանդիպեն ներս մտնող ԱԺ պատգամավորներին, նրանց ներկայացնեն իրենց մտահոգությունները` ակնկալելով, որ պատգամավորները կմիանան իրենց և Փաշինյանին անվստահություն կհայտնեն։
Նշենք, որ երեկ ցուցարարները Փաշինյանին մեղադրում էին Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։ Նրանք մտադիր են շրջափակել Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր16։30–ին պետք է շարունակվի ԱԺ հերթական նիստը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: