Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ժամը 8–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան. ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ` ամբողջ ծավալով կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը պահպանվում է։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը` նշելով, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ուղղությամբ թշնամին կիրառել է ԱԹՍ–ներ։

«Առավոտյան ժամը 8–ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ»,–նշեց Թորոսյանը։

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ` ամբողջ ծավալով կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները։
ՀՀ ՊՆ խոսնակը շեշտեց,. որր չնայած իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները` հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. որ ստեղծված իրադրության և հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: