Զասը Հայաստան է գալիս. Պուտինը ներկայացրել է լարվածության թուլացմանն ուղղված քայլերը

Ստանիսլավ Զաս
Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կժամանի Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին է ներկայացրել Ռուաստանի քայլերը` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի սահմանի լարվածության թուլացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը որոշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Առաքելության կազմում կընդգրկվեն կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և մասնակից պետությունների ներկայացուցիչները։
Խորհուրդը նաև լիովին աջակցել է Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանը։ Որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտադիտարկման համար։ Խմբում կընդգրկվեն քարտուղարության աշխատակիցներն ու միացյալ շտաբի զինծառայողները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։