ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։ Տեղեկությունը նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ մինչ այս խորհրդարանում նա այսօր հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
«Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,– նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։