ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի շենքի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են լուծել հայրենիքի ազատագրման հարցը։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը նշեց, որ պահանջում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ներկայիս իշխանությունների հրաժարականը։
Բողոքի ակցիա ԱԺ–ի մոտ
© Sputnik / Andranik Ghazaryan
«Մեզ բոլորիս այստեղ մեկ ցավ է բերել` հայրենիքի կորստի ցավը։ Քիչ առաջ դուք լսեցիք փաստաթուղթ ստորագրելու պատրաստվող և իրեն հերոս հռչակող մեր վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց, որ ինքը ոչ մի թուղթ չի ստորագրելու, և մենք իրեն սխալ ենք հասկացել։ Արդեն 4 տարի այս մարդը ստում է։ Վստահ եմ` այստեղ պետք է լուծվի մեր հայրենիքի ազատագրման հարցը, օր չունենք, ժամ չունենք, րոպե չունենք։ Ես այժմ դիմում եմ բոլոր պատգամավորներին, որոնք ասում էին` երբ կլցվեն հրապարակները` անվստահություն կհայտնեն։ Այս պահին 40 հազար մարդ կա»,– նշեց Տոնոյանը։
Բողոքի ակցիա ԱԺ–ի մոտ
© Sputnik / Andranik Ghazaryan
Նա հորդորեց ընդդիմադիր պատգամավորներին գալ Ազգային ժողով և ստորագրել վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը։ Տոնոյանը շեշտեց` ՔՊ–ականներին էլ կստիպեն ստորագրել այն։
44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը` Գեղամ Նազարյանը, որը նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, դիմեց հավաքված քաղաքացիներին ու ասաց, որ 1 ժամ էլ բոլորով կանգնեն` կլսեն Փաշինյանի հրաժարականի լուրը։
Նշենք, որ Գյումրիում ևս ի նշան անհնազանդության, բողոքի ակցիա է իրականացվում: Գյումրեցիները նախ փակել էին Սայաթ-Նովա փողոցը, իսկ հիմա շարժվում են Երևան` միանալու ակցիայի մասնակիցներին։
Ստեփանակերտում ևս այս պահին ինքնաբուխ հավաք է` ի աջակցություն Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների։
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա իրականացնելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։