ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում մարտական գործողությունները վերսկսվել են։ Sputnik Արմենիային Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնեց, որ կրակոցները վերսկսվել են գիշերը: Գնդակոծում են դիրքերը։
Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնեց, որ հրետանի է աշխատում, արկերն ընկնում են բնակավայրից մի փոքր ավելի բարձր տեղանքում։
Գյուղի ուղղությամբ հարցածներ չեն եղել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։