ՌԴ-ն օգնել է կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը. Սպիտակ տուն

Ջոն Քիրբի
ԱՄՆ-ն հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալու նախանշաններ չի տեսնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն օգնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հասնել, սակայն այն գրեթե անմիջապես խախտվել է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսների միջնորդությամբ գիշերը, ինչպես երևում է, հրադադարի մասին համաձայնություն է եղել, բայց այն գրեթե անմիջապես խախտվել է: Ակնհայտ է` մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի»,- ասել Քիրբին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է հակամարտության գոտում լարվածությունըթուլացնելու ուղղությամբ: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, տարածաշրջանում աշխատում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալու նախանշաններ չի տեսնում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։