Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն ԶՈւ–ի զորամասերը. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով հնարավոր մոբիլիզացիային։
Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ գտնելու ճանապարհով, այլ այնպես, ինչպես նախատեսված է փաստաթղթերում։
«Զինված ուժերի համալրումը, առաջնագծում գտնվող մեր զինծառայողների մարտական խնդիրը կատարելու հրամայականն իրացնելիս մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով՝ կցագրված անձնակազմի, համալրումների, լրահամալրումների միջոցով»,–գրել է Աբրահամյանը։
Ըստ նրա` սա է ճանապարհը և սա է հնարավորությունը եղած պայմաններում կառավարման, կապի, զորքերի ներդաշնակության նվազագույն խնդիրները լուծելու համար։ Իսկ ինստիտուցիոնալ գործընթաց անցած կամավորական կազմակերպությունների դեպքում պետք է առաջնորդվել փորձված և ԶՈւ-ի հետ առավելագույնս ներդաշնակեցված սխեմաներով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։