ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է ֆինանսավորել ժամանակակից ռուս գրողների ստեղծագործությունների հայերեն հրատարակումը։ Այս մասին Մոսկվա–Սուխում–Ցխինվալ–Երևան տեսակապի ժամանակ Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, լիբերալ-դեմոկրատական խմբակցության անդամ Բորիս Չերնիշովը։
Նա հավելել է, ինչպես այլ երկրներում, Հայաստանում, իհարկե, ռուս դասականներն ու XX դարի գրողները քաջ հայտնի են, սակայն քչերը գիտեն ժամանակակից այն գրողներին, որոնք գրում են, թե ինչպես են մարդիկ ապրում այսօր։
«Գուցե երեխաները նրանց չընթերցեն, սակայն, կարծում եմ, որ միջին տարիքի և ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց մայրենի լեզվով հաճույքով կծանոթանան նրանց հետ», – ասել է Չերնիշովը։
Ըստ նրա, նման գրքերի տարածման լավ եղանակ կարող էին լինել հանրային վայրերում (օդանավակայաններում, առևտրի կետերում, ավտոկայաններում) ստենդների տեղադրումը, որպեսզի մարդը կարողանա գիրքը վերցնել մի կետից, ընթերցի և հետո այն թողնի մյուսում։
«Այս և այլ նախաձեռնություններն անհրաժեշտ են մշակույթների երկխոսության համար։ Այլապես մենք միմյանց մասին կտեղեկանանք միայն լուրերով թողարկվող արտակարգ պատահարներով։ Այդպես չպետք է լինի։ Մենք պետք է միմյանց ճանաչենք մեր ձեռքբերումներով», – նշել է Չերնիշովը։
Նույնը վերաբերում է հայ ռեժիսորներին և գրողներին, որոնց Ռուսաստանում շատերը գիտեն և սիրում են։ Պետք է ակտիվացնել նաև երիտասարդների ինտեգրման ծրագրերը։ Պետդումայի պատգամավորը հավելել է, որ նման ծրագրեր հաջողությամբ իրականացվում են։
Մասնավորապես դրանք ցանցային կրթության, կամավորների համար նախատեսված ծրագրերն են։ Բացի այդ, ԱՊՀ երկրների երիտասարդությունը Ռուսաստանում կանոնավոր ամառային կրթական համաժողովների է մասնակցում («Իմաստների տարածք», «Տավրիդա» և այլն)։