ՌԱԴԻՈ

Փաշինյանը պետական դավաճանության համապատասխան ձևակերպումներ է հնչեցրել ԱԺ–ում. Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` աղմուկ հանած հայտարարությունը և խոսել դրա հնարավոր հետևանքների մասին։
Sputnik
Նիկոլ Փաշինյանն այսօր պետական դավաճանության, քրեական համապատասխան հոդվածի վարույթի և կարգավորումների տիրույթին համապատասխան ձևակերպումներ է հնչեցրել ԱԺ–ում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ իրենց դավաճան կասի, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Ըստ Ղևոնդյանի` Հայաստանը խաղաղություն չի ստանա, որովհետև հանձնվելու է որպես պատանդ և անկլավները փոխանցելու է Ադրբեջանին, որոնք հռչակվելու են ադրբեջանական տարածք, և դրանցում Ադրբեջանը կկարողանա կենտրոնացնել զինված ուժեր։ Դրանք Հայաստանի լոգիստիկ երակների վրա գտնվող անկլավներն են, որոնցով Ադրբեջանը վերահսկելու է հայկական կողմի տեղաշարժը։
«Երբ խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, ապա պետք չէ մոռանալ, որ այնտեղ կա մի կետ, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ՀՀ գործող վարչապետը որևէ խնդիր չի տեսնում Արցախն ու այնտեղ ապրող հայ ազգաբնակչությունն Ադրբեջանին անհայտ և անորոշ ճակատագրով հանձնելու մեջ։ Իհարկե քաղաքական առումով իշխող ուժն այն հույսն ունի, որ Արցախը գցել են Ռուսաստանի գրպանը, հետևաբար խաղաղապահները պետք է իրացնեն իրենց առաքելությունը, սակայն վերջիններիս մանդատը, կարգավիճակն ու քաղաքական խնդիրը մի փոքր այլ է»,– ասաց քաղաքագետը։
Ղևոնդյանի դիտարկմամբ` Արցախն Ադրբեջանին հանձնելու մտայնությունը նոր չէ, Փաշինյանի թիմակիցները բազմիցս շրջանառել են այդ թեման` հայտարարելով որ այդ առթիվ որևէ խնդիր չեն տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ այսօր ունենք հարձակում Ադրբեջանի կողմից և առաջխաղացում խորհրդային Հայաստանի տարածքային ամբողջականության տիրույթում, ապա քաղաքագետը նշեց, որ գործ ունենք կազմակերպված քայլի հետ, այսինքն` դա խաղաղության պայմանագիրը Հայաստանի կողմից ստորագրելու հանրային լեգիտիմացման գործիք է։ Արցախում արդեն իսկ ընթանում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լեգիտիմացնելու գործընթաց, իսկ հիմնավորումը կատարվում է զոհերից խուսափելու պատրվակով, թե իբր պայմանագիրը չստորագրելու դեպքում կունենանք բազմաթիվ զոհեր։
«Գործընթացը ենթադրում է, որ հայկական և ադրբեջանական իշխանություններն ամեն ինչ անում են գործընկերային քայլերի ճշգրտման միջոցով, հետևաբար պետք է լինի լեգիտիմացման ինչ–որ մի ուղի, լոկալ բախում, որ հետագայում Փաշինյանը հայտարարի, որ2,5 միլիոն մարդու կյանք է փրկել և զոհերից խուսափելու համար գնացել է խաղաղության պայմանագրի կնքման։ Մինչդեռ այդ պայմանագիրը վատագույն նշանակություն կունենա առհասարակ հայոց պետականության գոյության տեսանկյունից, որովհետև այնտեղ կա կետ, որ Հայաստանի գալիք իշխանությունները հնարավորություն չեն ստանում կասկածի տակ դնել պայմանագրի գոյությունն առհասարակ»,–պարզաբանեց Ղևոնդյանը։
Այսինքն` եթե Հայաստանում իշխանության գան ազգային ուժեր և փորձեն ազգային շահերի հիմքով կերտել իրենց քաղաքականությունը, ապա այդ պայմանագիրը նրանց նման հնարավորություն չի ընձեռի և որևէ փոփոխություն կարող են անել բացառապես ռազմական ճանապարհով։ Եվ հաշվի առնելով, որ բոլոր ռազմավարական դիրքերն արդեն իսկ հանձնվել են Ադրբեջանին, ուստի նման բան անելն, ըստ քաղաքագետի, բավականին բարդ է լինելու գալիք իշխանությունների համար։
Ստորագրե՛ք վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը. Կարին Տոնոյանը դիմեց ընդդիմությանը
Հավելենք, որ այս պահին խորհրդարանի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքված, նրանք դժգոհ են Փաշինյանի հայտարարությունից և պահանջում են նրա հրաժարականը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։