Մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հասցված հարվածների առնչությամբ. Կանադայի ԱԳՆ

Մելանի Ջոլի
Կանադայի արտգործնախարարը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կառուցողական երկխոսության վերադառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Կանադային խիստ մտահոգում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները: Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:
«Կոչ ենք անում իրավիճակի լարվածությունը թուլացնել, հարգել հրադադարի պահպանման ռեժիմն ու ԵԱՀԿ-ի միջոցով կառուցողական երկխոսության վերադառնալ»,– գրել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։