Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյան
Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է միջազգային հանրության դերն ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետևանքների վերացման համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:
Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը, ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետևանքների վերացման համատեքստում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։