ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը 9-րդ անգամ անընդմեջ հաղթել է U 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում:
8-րդ տուրում Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Կանիշկային:
9 տուրերից հետո Մարիամ Մկրտչյանը 9 միավորով առաջին տեղում է՝ 2 միավոր առաջ անցնելով մրցակիցներից: Կարելի է ասել, որ հայ շախմատիստուհին գրեթե աշխարհի չեմպիոն է U 18 տարիքային խմբում։ Հաջողությունը վերջնականապես ամրապնդելու համար նրան բավական է ոչ ոքի խաղալ մնացած երկու տուրերից մեկում։
Ոսկե մեդալի լավ հնարավորություն ունի նաև U 16 տարիքային խմբում ելույթ ունեցող Էմին Օհանյանը: Նա 9 տուրից հետո զբաղեցնում է առաջին տեղը՝ 7,5 միավորով (յոթ հաղթանակ, մեկ ոչ ոքի և մեկ պարտություն)։
Շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնություններն անցկացվում են Ռումինիայի Մամայա քաղաքում:
Մրցումներն անցկացվում են շվեյցարական համակարգով՝ 11 տուրերով: