Ջերմուկում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա. ՔՊ–ական պատգամավոր

Արխիվային լուսանկար
Հասմիկ Հակոբյանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է թշնամու կրակոցների հետևանքով վնասված մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է»,–գրել է նա։
Հակոբյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է թշնամու կրակոցների հետևանքով վնասված մեքենան։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր` Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, նրանցից երկուսին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։