Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ջերմուկի հարակից սարերի ուղղությամբ Ադրբեջանը պարբերաբար հրետանի է կիրառում

Ջերմուկի առողջարաններում չկան բուժվող անձինք, տարհանվել են կանայք և երեխաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի հարակից սարերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրետանի է կիրառում, շատ հազվադեպ կրակում է նաև հրազենից։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ պայթյունների ձայները լսվում են 15-20 րոպեն մեկ։
Պարբերաբար հրանոթային համազարկերի ձայներ են լսվում, քաղաքին հարող որոշ բլուրների վրա էլ ծխացող օջախներ կան` այրվել է անտառի մի հատվածը։ Քաղաքացիները հայտնել են, որ դրանք ադրբեջանական կողմի հարվածների հետքերն են։ Ջերմուկի հարակից սարերի վերևում նաև անօդաչու թռչող սարք է երևացել։
Ջերմուկ
Առողջարանային քաղաքում առավոտյան սկսվել են ուժեղ համազարկերը դիրքերի ուղղությամբ, իսկ անմիջապես Ջերմուկի ուղղությամբ հրետանին չի հարվածել։ Ջերմուկում առողջարանային քաղաքին ոչ բնորոշ վիճակ է` հանգստացողներ չկան, կանայք ու երեխաները տարհանվել են։
Քաղաքապետ Վահագն Արսենյանը, նրա տեղակալները, ոստիկանապետը զինվել են, կազմել ինքնապաշտպանական ջոկատներ։
Վայք–Սիսիան մայրուղուց դեպի Ջերմուկ գնացող հատվածը հսկում են զինծառայողներն ու ոստիկանները, քաղաք մուտք գործել թույլ են տալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Հիշեցնենք` ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով վնասված քաղաքացիական մեքենայի լուսանկար էր հրապարակել և հայտնել, որ վարորդը հոսպիտալացվել է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։