ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 18։00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ժամը 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։
Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։
ՀՀ զինված ուժերը ձեռնարկում ենանհրաժեշտ բոլոր միջոցները` թշնամուն համարժեք պատասխանելու համար։
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտնել է, որ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105–ի, իսկ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ՊՆ–ն կոչ է անում զանգահարել գերատեսչության թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։