ՀՀ վարչապետն Ուզբեկստան չի մեկնի. պատճառը Հայաստանում ստեղծված իրավիճակն է

Նիկոլ Փաշինյանը օդանավակայանում
Հայաստանի վարչապետը հյուրի կարգավիճակով պետք է մասնակցեր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդա Ասադովը «Տելեգրամում» գրել էր, որ Փաշինյանը ներկա է լինելու գագաթաժողովին` հյուրի կարգավիճակով։
ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու են 15 երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների ղեկավարներ։ Իսկ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարները ներկա են լինելու հյուրի կարգավիճակով։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից։
2017 թվականի հունիսի 9-ին Հնդկաստանը և Պակիստանը դարձան ՇՀԿ-ի լիիրավ անդամներ, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ՇՀԿ-ի ղեկավարները հավանություն տվեցին Իրանին` որպես ՇՀԿ լիիրավ անդամ ընդունելու որոշմանը։ 2022թ–ի գագաթաժողովին Իրանն արդեն որպես լիիրավ անդամ է մասնակցելու։