Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում
ՀՀ վարչապետը շեշտեց, որ եթե հարկ լինի, յուրաքանչյուր քաղաքացի պետք է պաշտպանի հայրենիքի յուրաքանչյուր քառակուսի մետրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով տարածքներ զիջելու մասին քննարկումներին։
«ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունն ընդհանրապես քննարկման առարկա լինել չի կարող։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի` անկախ տարիքից ու սեռից, եթե դրա անհրաժեշտությունը լինի, պետք է պաշտպանի հայրենիքի յուրաքանչյուր քառակուսի մետրը»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև շեշտեց, որ ՀՀ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է` 29 հազ. 800 քառ. կմ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։