Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահման դեռ չի ժամանել. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությունը Հայաստան դեռ չի ժամանել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Որքանով տեղյակ եմ, դեռ չի ժամանել (ՀԱՊԿ առաքելությունը – խմբ.)։ Որոշումը միայն երեկ ուշ երեկոյան է ընդունվել, այն դեռ պետք է ձևավորվի, պետք է տեղ հասնի», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովը նշել է նաև, որ հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։
«Լարվածությունը միանշանակ պահպանվում է։ Գիտեք, որ երեկ որոշում է կայացվել, որ ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ կմեկնի սահման։ Նրանք պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացնեն, որը կուսումնասիրվի», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։