Հայկական կողմն այսօրվա դրությամբ ունի 105 զոհ. Փաշինյան

Զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը հայկական կողմի կորուստների մասին նոր տվյալներ հայտնեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այս պահին հայկական կողմն ունի 105 զոհ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ասում ենք, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել, ինչի համար էլ դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Եթե տարածք գրաված չլինեին...ընդ որում, շահարկումներ կան, թե որ հոդվածով ենք դիմել ՀԱՊԿ–ին` դիմել ենք 4-րդ հոդվածի հիման վրա»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։