Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել 4-րդ հոդվածով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից օգնություն է խնդրել, այդ թվում` ռազմական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել 4-րդ հոդվածով, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«4-րդ հոդվածը սահմանում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար»,–ասաց Փաշինյանը։
Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերում ասելով, ըստ Փաշինյանի, նկատի են ունեցել նաև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք–Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը. «Եվ սա մենք ֆիքսում ենք` որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա։ Եվ սա է մեր խնդիրը, այդ թվում` ՀԱՊԿ–ում մեր նախաձեռնության իմաստով»։
Փաշինյանի գնահատմամբ` ՀԱՊԿ–ի նիստ կազմակերպելը գոհացուցիչ փաստ էր, իսկ նիստին անկեղծ ու բաց քննարկում է տեղի ունեցել։ Նրա խոսքով` նվազագույն անհրաժեշտ որոշումներ են կայացվել այս փուլի համար։
Փաշինյանը կարծիք հայտնեց, որ երեկ ՀԱՊԿ ԱԽ նիստում սկիզբ է դրվել մի գործընթացի, որը պետք է իր կոնկրետ լուծումներն ունենա։
«Այնուամենայնիվ, երեկվա նիստում մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ ինքիշխան տարածք։ Եթե այդ ֆորմատում այդպիսի նախադասություն է հնչում, այդ նախադասությունը չպիտի մնա անհետևանք»,– ասաց նա։
Կարծում եմ` ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի վաղը. Միրզոյան
Փաշինյանը միաժամանակ նշեց, որ ՀԱՊԿ–ից ակնկալում են ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական աջակցություն։ Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ–ն դիմել է նաև ՄԱԿ ԱԽ, որտեղ ևս առաջիկայում այդ հարցով քննարկում է նախատեսվում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: