Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար

ՄԻԵԴ շենքը
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն արդեն 2 դիմում է հղել ՄԻԵԴ-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ՄԻԵԴ է դիմել` տարբեր տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար, տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Նշվում է, որ երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։
«Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր` սեպտեմբերի 12-13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կատարված ագրեսիվ ռազմական հարձակման հետևանքով հայկական կողմից կա մեկ նույնականացված գերեվարված անձ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։