ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հետաձգում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում սեպտեմբեր ամսվա ընթացքում նախանշված բոլոր համերգային ծրագրերը:
«Սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված բացօթյա միջոցառումը ևս տեղի չի ունենա»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ֆիլհարմոնիայի ղեկավարությունը վստահեցնում է, որ ձեռք բերված բոլոր տոմսերը հետագայում ուժի մեջ կլինեն, իսկ միջոցառումների չեղարկման դեպքում կփոխհատուցվեն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։