Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ամսվա վերջին ևս մեկ հանդիպում կունենան. Միրզոյան

Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ցայտուն է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը՝ խափանել նաև խաղաղության գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Օգոստոսի 31-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարություններն այս ամսվա վերջին ևս մեկ հանդիպում կունենան։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ մեր վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարություններն այս ամսվա վերջին ևս մեկ հանդիպում կունենանք՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը։ Այսինքն` սահմազատման գործընթացին արդեն իսկ մեկնարկ է տրված, զուգահեռաբար հանդիպումներ են եղել, որտեղ քննարկվել է խաղաղության պայմանագիրը»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` ցայտուն է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը՝ խափանել նաև խաղաղության գործընթացը: Խոսքը, ըստ Միրզոյանի, այն ագրեսիայի մասին է, ինչ դրսևորում է Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: