Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ղրղզստանի նախագահը Երևանին և Բաքվին հորդորել է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ժապարովը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն վեճերն ու տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել սահմանին ստեղծված իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Պետության ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը ծայրաստիճան մտահոգված է իր համար երկու բարեկամական պետությունների սահմանին իրավիճակի սրմամբ։ Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է, որ իրավիճակն անհրաժեշտ է կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով ու հույս հայտնել, որ երկու կողմն էլ հետագայում զերծ կմնան ուժ կիրառելուց և բոլոր տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով` Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հիման վրա»,–հայտարարել են մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: