Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Դեղորայքի և բժշկական պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա. ԱՆ–ի հայտարարությունը

Շեշտվում է, որ այս պահին դեղորայքի և բժշկական պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, հայտնում է առողջապահության նախարարությունը։
«Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները` տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ այս պահին դեղորայքի և բժշկական պարագաների հավաքագրման անհրաժեշտությունը չկա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։