Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Բարձր պահել հայ զինվորի մարտական ոգին. Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդին

Արխիվային լուսանկար
Կաթողիկոսն ընդգծել է, որ գնդերեցները շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը՝ մշտապես լինելով Հայոց բանակի ու հայ զինվորի կողքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Կողմերը հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվել են գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։
Կաթողիկոսը ընդգծել է, որ գնդերեցները շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը՝ մշտապես լինելով Հայոց բանակի ու հայ զինվորի կողքին։
«Նրանք հայրենիքի պաշտպանության սրբազան գործում պետք է գոտեպնդեն ու բարձր պահեն հայ զինվորի մարտական ոգին»,–նշել է կաթողիկոսը։
Նա հորդորել է եկեղեցականներին «հովվական խնամք ցուցաբերել» հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ընտանիքներին և վիրավորներին։