ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Պապիկյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ, գնդակոծության է ենթարկել հայկական մի շարք բնակավայրեր` օգտագործելով ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանային միջոցներ, ականանետներ ու ԱԹՍ-ներ։
Նշվել է, որ Ադրբեջանի այս ագրեսիան ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է:
«Անդրադառնալով միջազգային հանրության պատշաճ արձագանքի անհրաժեշտությանը` դեսպան Պապիկյանը շեշտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հստակ և միանշանակ դատապարտման կարևորությունը ԵԱՀԿ և նրա մասնակից պետությունների կողմից: Շեշտվել է, որ միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հստակ արձագանքը և համարժեք գնահատականը կարող են կանխել նոր պատերազմը տարածաշրջանում»,– ասված է հաղորդագրությունում։
Դեսպանը նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումը խաթարում են տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օրակարգին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգային մանդատ ունեցող բանակցային ձևաչափի, ջանքերի կարևորությունը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։