Արմեն Գրիգորյանն Իգոր Խովաևին է ներկայացրել Բաքվի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Տեղեկությունը հայտնում է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։