ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:
«Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի և ականանետերի կիրառմամբ»,-մասնավորապես նշված է նամակներում:
Նշվել է, որ ադրբեջանական ուժերը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում:
«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:
ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին:
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել միջազգային հանրության լռության հետևանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի և համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,-նշել է Սիմոնյանը։
ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) և Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: