Տոյվո Կլաարը սեպտեմբերի 14-ին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան

Բորելը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացում կոչ է արել թուլացնել լարվածությունը և պահպանել հրադադարի ռեժիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտադիր է սեպտեմբերի 14-ին տարածաշրջան այցելել: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում հայտնել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը ճանապարհ է ընկել դեպի տարածաշրջան` աջակցելու խաղաղ երկխոսությանը»,– գրել է Բորելը թվիթերյան իր էջում։
Նա միաժամանակ նշել է, որ Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացում կոչ է արել թուլացնել լարվածությունը և պահպանել հրադադարի ռեժիմը։ Ըստ Բորելի` անհրաժեշտ է անհապաղ խաղաղ երկխոսություն սկսել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։