ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանական կողմի կրակոցներից Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում շտապօգնության բրիգադը չի վնասվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնում է, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ավելի վաղ հայտարարել է, որ ապացույցներ կան, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է շտապօգնության ավտոմեքենան։