Պուտինը Սամարղանդում հանդիպում կունենա Էրդողանի, Ռայիսիի և Ալիևի հետ

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Երկրների առաջնորդները կզրուցեն ՇՀԿ–ի գագաթնաժողովի շրջանակում, որը անցկացվելու է սեպտեմբերի 15-16-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում (Ուզբեկստան) հանդիպում կունենա Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։ Այս մասին հայտնել է միջազգային գործերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Էրդողանի հետ ՌԴ առաջնորդը կքննարկի պարենային գործարքն ու երկկողմ տնտեսական հարցերը, որպես շարունակություն Սոչիում հուլիսի 5-ին ձեռք բերված պայմանավորվածությունների։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր նշանակություն կունենա հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի նոր սրացման ֆոնին։
Պուտինն ու Ռայիսին կքննարկեն Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ առկա իրավիճակը, անդրադարձ կլինի նաև Իրանին լիիրավ անդամի կարգավիճակ տալու թեմային։
«Գործընթացը վաղուց է մեկնարկել, այն արդեն մոտենում է ավարտին, և առաջնորդները, իհարկե, այդ թեման քննարկելու են, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ առկա իրավիճակը», – ասել է լրագրողներին Ուշակովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային այդ գործարքը վերականգնելու օգտին այն տեսքով, որը հաստատվել էր 2015 թվականին։