Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Փաշինյանը Միշելին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ. Բրյուսել. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեղեկացվում է, որ վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
«Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։