ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը:
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Երևանի ժամանակով մոտավորապես 21։00-ին հայտնել էր ՀԱՊԿ առցանց նիստի մեկնարկի մասին։
Նշենք, որ ՀԱՊԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։