Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Պապիկյանն ու Շոյգուն պայմանավորվել են քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ

Սուրեն Պապիկյանը ռուս գործընկերոջն է ներկայացրել հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պապիկյանը ռուս գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։