Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Նիկոլ Փաշինյանը սահմանին տիրող իրավիճակի մասին խոսել է Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: