ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ-ն իր այսօրվա աշխատանքները սկսեց այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ, ունենք զոհեր և վիրավորներ։
«Ստեղծված իրավիճակում թե՛ ժողովուրդը, թե՛ քաղաքական ուժերը պետք է լինեն մաքսիմալ միասնական։ Այս իրավիճակում չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղ տալ»,–ասաց նա։
Սիմոնյանը հորդորեց հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Նա հայտնեց նաև, որ ժամը 11-ին ԱԺ կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր նաև ԱԺ-ում նախագիծ է ներկայացվելու և քննարկվելու ադրբեջանական հարձակման վերաբերյալ։
Արծվիկ Մինասյանը հայտնեց` այսօր իրենք ԱԺ–ում են, որպեսզի առաջարկեն մի կողմ մղել ընթացիկ օրակարգերը և քննարկել ստեղծված իրավիճակը, երկիր անելիքները։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։