ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունց։
«Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,–ասված է հայտարարության մեջ։
Տեղեկացվում է, որ քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։