ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում առաջարկել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելի հայ–ադրբեջանական հակամարտության գոտի։ Տեղեկությունը հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը։
«Առաջարկվել են քայլեր, որոնք հնարավոր կլինի ձեռնարկել օպերատիվ կարգով։ Դրանց թվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց պատրաստելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Մինսկն առաջարկել է նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի աշխատակիցների թվից աշխատանքային խումբ ստեղծել իրավիճակը վերլուծելու և առաջարկություններ մշակելու համար։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով, կայացել է այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։