ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Մեկնարկել է ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության ֆոնին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինը մասնակցում է գագաթնաժողովին։
ՀԱՊԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստն ընթանում է Հայաստանի խնդրանքով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։