Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Մակրոնը կոչ է անում պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ շենքը
Ֆրանսիան անհապաղ հարցի քննարկում կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ այժմ նախագահում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Քլեր Լեժանդրը:
Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում հայկական տարածքում մի շարք բնակավայրերի գնդակոծման կապակցությամբ: Սրացման աոաջին ժամերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նույն կերպ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևի հետ զրույցի, հավելել է նա:
Ֆրանսիան անհապաղ հարցի քննարկում կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ ներկայումս նախագահում է: Այդ նպատակով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը անհրաժեշտ հանդիպումներ կանցկացնի։ Ֆրանսիան պատրաստ է, որպեսզի հակամարտության հետ կապված բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով և կշարունակի ակտիվորեն աջակցել նման նախաձեռնություններին, հավելել է արտգործնախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախատեսված է սեպտեմբերի 14-ին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։