Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Կլաարը կոչ է անում դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունները

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. Արխիվային լուսանկար
Տոյվո Կլաարը վստահեցնում է, որ ԵՄ-ն սերտ շփման մեջ է կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կոչ է անում դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունները, նա այդ մասին թվիթերյան գրառում է արել։
«Պետք է անհապաղ դադարեցվեն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունները և ինտենսիվ գնդակոծությունները։ ԵՄ-ն սերտ շփման մեջ է կողմերի հետ` լարվածության նվազեցմանը նպաստելու նպատակով»,–գրել է Կլաարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։