ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 10 տոկոս

ՀՀ Կենտրոնական բանկ
ԿԲ-ում նշում են, որ խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազեցմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. 2022 թ. սեպտեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10.0%, հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
2022 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջին կազմել 9.1%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է ավելանալ՝ կազմելով 10.2%:
2022 թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում շարունակում է դիտարկվել բարձր ակտիվություն՝ գերազանցապես դրսևորվելով ծառայությունների և շինարարության ճյուղերում:
Դրական զարգացումները պահպանվում են նաև արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր աճին գերակշռում է պահանջարկի գործոնների ազդեցությունը: Վերջինս շարունակում է պայմանավորվել միջազգային այցելուների և դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը:
Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազեցմանը:
«Տինկոֆը» դեպի Հայաստան բիզնեսի համար փոխանցումները կիրականացնի ՀՀ դրամով
Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի պարագայում 12-ամսյա գնաճը կնվազի և 2023 թ-ի վերջից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: