ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Նշվում է, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։