Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 21-ի դրությամբ

ՀՀ ՊՆ
Կեսգիշերից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հավելելով, որ թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով հիմնավորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիան, հայտարարություն է տարածել, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խախտել են այսօր՝ ժամը 09։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծելով ադրբեջանական դիրքերը։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիային։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։