Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայկական կողմը մեկ նույնականացված ռազմագերի ունի. Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիակոսյանի խոսքով` ՀՀ–ն ՄԻԵԴ–ից պահանջել է ապահովել ռազմագերու ֆիզիկական անձեռնմխելիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 12-13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կատարված ագրեսիվ ռազմական հարձակման հետևանքով հայկական կողմից կա մեկ գերեվարված անձ։ Տեղեկությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ադրբեջանական կայքերում այսօր տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի զինվորականներն իբր օգնություն են ցույց տալիս վիրավոր հայ զինծառայողին։
«Մեր գրասենյակի ուժերով մենք կարողացել ենք նույնականացնել, որ, ցավոք, ունենք մեկ գերեվարված անձ։ Ունենք տեսանյութեր, որոնք շրջանառում են համացանցում, և այնտեղ երևում է մեր վիրավորված հայրենակիցը, որը գերեվարված է և փաստորեն Ադրբեջանի վերահսկողության ներքո է»,– ասել է Կիրակոսյանը։
Նա նաև հայտնել է, որ հայ ռազմագերու իրավունքների պաշտպանության համար Հայաստանն արդեն դիմում է ներկայացրել ՄԻԵԴ` պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց` պահանջելով ապահովել հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչ նրա հայրենադարձվելը։
ՀՀ–ն դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։