ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայկականկողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նիստին մասնակցել են ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ անդամներին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Մասնավորաբար, ընդգծել են, որ Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և հրադադարի ռեժիմը, սադրիչ և ագրեսիվ գործողություններ են իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ որոշ ուղղություններում դիրքային առաջխաղացման փորձեր իրականացնելով։
«ՀՀ զինված ուժերը բերվել են բարձր մակարդակի ռազմական պատրաստության և անցել իրենց վստահված հատվածների պաշտպանությանը։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարվում են ՀԱՊԿ անդամ պետություն հանդիսացող Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում, իսկ իրավիճակը կարող է հանգեցնել լայնամասշտաբ զինված հակամարտության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բիյագովն ընդգծել է, որ դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին՝ Հայաստանն ակնկալում է գործուն հավաքական քայլեր ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։